Մենք` մի խումբ Հայորդիներով, նախաձեռնել ենք «Վասն» շարժումը՝ պայքար հանուն հավատի և հայրենիքի, հանուն ներկայի և ապագայի: Այս շարժումը սկիզբն է մեր պատմության լուսավոր էջի: Այն վերադարձ է արմատներին` հիմնված Հայկ նահապետի և մեր հայրերի կողմից ավանդված արժեհամակարգի, առ Աստված անաղարտ հավատի և կատարյալ վստահության վրա: Սա պայքար է` հանուն կենդանի հավատի, հանուն հայրենիքի, որտեղ թագավորում է բարությունը, արդարությունը և հզորությունը: Ելնելով վերոգրյալից, նպատակ ունենալով վերականգնել համերաշխության մթնոլորտը, համախմբել ողջ ազգին, ստեղծել հուսալի անվտանգության մեխանիզմներ, ինչպես նաև կերտել հզոր հայկական պետականություն` «Վասն» շարժումը նախաձեռնել է «Վստահության Խորհրդի» ձևավորումը, որը կստանձնի վերոգրյալ խնդիրների լուծման պատասխանատվությունը` ապահովելով եկեղեցու և պետության ներդաշնակումը որպես ազգի սպասարկման հիմնական հենասյուների: «Վստահության խորհրդում» կարող են ներգրավվել խորհրդի անդամի չափորոշիչներին համապատասխանող, հայկական արժեհամակարգի կրող, վաստակ ունեցող, հանրության կողմից ընդունելի անձինք, ովքեր ունեն անբասիր անցյալ և անձնական նվիրում: Շարժմանը կարող են միանալ Հայկական ինքնության կրող բոլոր հայորդիները: Մենք բաց ենք համագործակցության բոլոր միավորների և հայորդիների հետ, ովքեր երազանք ունեն` վերականգնել հայկական պետականությունը որպես այդպիսին, ում արմատները սնվում են հայկական մշակույթից և արժեհամակարգից, հայացքն ուղղված է դեպի լույսը՝ դեպի մեր հայրերի միակ և կենդանի Աստվածը: Որովհետև երանելի է այն ազգը, որի Աստվածը Տերն է և երանի է նրանց, որ Նրան են հուսացած: